Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու զինադադարի ռեժիմի պահպանման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ:
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման տեսանկյունից այս վերոնշյալ կետերն առավել քան կարևոր են: Նոր ռազմական գործողությունները կանխելու նպատակով, առաջին հերթին, կարևոր է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչի մասին արդեն մի քանի տարի է բարձրաձայնում են միջնորդները: Սակայն պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ մեխանիզմները:
Ըստ էության, նման մեխանիզմների ներդրումը ենթադրում է տեխնիկական որոշ միջոցների, այն է՝ տեսաձայնագրող սարքավորումների տեղադրում հակամարտ զորքերի շփան գծում: Նախատեսվում է, որ նման սարքերի միջոցով հնարավոր կլինի վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով և որ դրանք թույլ կտան հստակ պարզել, թե որ կողմը, որտեղ և երբ է խախտել հրադադարի ռեժիմը: Թվում է, թե ավելի լավ բան մտածել հնարավոր էլ չէ: Սակայն որքան էլ գեղեցիկ ու լավ է հնչում այս ամենը, ավելի կարևոր է հասկանալ, թե որքանով է այն իրատեսական: Նախ նշենք, որ ԵԱՀԿ-ն սահմանային միջադեպերի կանխման նման մեխանիզմի կիրառման փորձ չունի: Առհասարակ, աշխարհում նման փորձ գոյություն չունի: Մոլորակի ոչ մի հատվածում դեռ տեսախցիկների միջոցով հրադադարի պահպանումը չեն ապահովել, և եթե ի վերջո հաջողվի կյանքի կոչել այն Արցախի և Ադրբեջանի սահմանին, ապա այն եզակի երևույթ կլինի ողջ աշխարհում և գուցե նախադեպ դառնա այլ հակամարտությունների համար:
Ամեն դեպքում միանշանակ է, որ եթե նման սարքավորումներ տեղադրվեն, ապա կդառնան ղարաբաղա-ադրբեջանական սահմանին միջադեպերի կանխման ամենաարդյունավետ մեխանիզմը, որ հնարավոր էր մտածել: Հենց սրան էլ տարիներ շարունակ ընդդիմացել է Ադրբեջանը, և տարօրինակ չէ, քանի որ հենց ինքն է շարունակ պնդում, թե հարցը կլուծի ռազմական ճաապարհով: Սակայն եթե հետաքննության այս մեխանիզմները ներդրվեն, ինչն, ի դեպ, չի կարող արվել առանց ղարաբաղյան կողմի մասնակցության, կվերացնեն պաշտոնական Բաքվի բոլոր նկրտումները: Երևի թե հենց սա է ստիպում մտածել, որ իրականում, պրակտիկայում, Բաքուն երբեք չի համաձայնի դրանց ներդրմանը: