Ադրբեջանի իշխանությունները ստիպում են ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել. Ջոն ՄքՔեյն

13:04     25 մայիսի, 2016

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն ՄքՔեյնն «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվին կոչ է արել ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ դեպքում սպառնալով Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել, տեղեկացնում է contact.az-ը։

Սենատորի խոսքերով՝ Խադիջայի ձերբակալությունը դուրս է գալիս մեկ մարդու ինքնության սահմաններից ու հարցերի ավելի ընդգրկուն շրջանակի վրա տարածվում։ «Խոսքը խիզախ կնոջ կողմից կոռուպցիայի բացահայտման  մասին է։ Ձերբակալելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդավարության ու ազատ մամուլի դեմ՝ բոլորին ցույց տալով, որ հարվածում է նման գործունեության համար։ Այդկերպ, սա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլև բարեփոխումների անհրաժեշտության վկայությունը»,- ասել է սենատորը։

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է օրինագիծ, որն ուղղված է պետական պաշտոնյաների դեմ, որոնք աշխարհում խախտում են մարդու իրավունքները։ «Եթե իշխանությունը շարունակի խախտել մարդու իրավունքները, ապա անհրաժեշտ կլինի միջոցառումներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ»,- ասել է նա։


© armedia.am