Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն անլուծելի խնդիրներ չունեն՝ կոչ անելով հրաժարվել «մեկ դարպասի խաղից»։ Այս մասին նա հայտնել է հունական «Կատիմերինի» թերթի հետ հարցազրույցում։
«Կարծում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Բազմապլան գործընկերության ուղի վերադառնալու համար պետք է պարզապես հրաժարվել «մեկ դարպասի խաղի» արատավոր տրամաբանությունից, գործնականում հաշվի առնել միմյանց կարծիքն ու շահերը»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ եկել է ժամանակը, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն պատասխանեն հարցին, թե ինչպիսին են ցանկանում տեսնել իրենց հարաբերությունների ապագան և որ ուղղությամբ են պատրաստվում գնալ։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս որոշում կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ։