Ամռանն ընդառաջ բոլորը ցանկանում են գեղեցիկ կառուցվածք ունենալ: Արագ և ճիշտ նիհարելու կամ, անհրաժեշտության դեպքում, գիրանալու, ճիշտ սննդակարգի մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Gold's Gym և Action Fitness մարզասրահների անհատական ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանի հետ:
- Ավելորդ քաշից կարճ ժամանակում ազատվելն իսկապես շատ տարածված և արդիական խնդիր է՝ հատկապես երբ մոտենում է ամառը: Սակայն շատ հաճախ պատահում է այնպես, որ մարդկանց մոտ ոչ միայն չի ստացվում որոշ չափով նիհարել, այլ միևնույն ժամանակ առաջանում են առողջական որոշ խնդիրներ: Ի՞նչ խորհուրդ կտայիք, ինչպե՞ս պետք է վարվել այս դեպքում:
- Խորհուրդ կտամ ուղղակի ճիշտ մոտեցում ցույց տան այդ խնդրին, այսինքն՝ դիմել մասնագետի, ով իրենց կօգնի մասնագիտական գիտելիքներով՝ խնդրին ավելի արագ ու ճիշտ լուծում տալու համար: Չնայած նրան, որ սննդակարգերը տարբեր են տարբեր օրգանիզմների համար և մասնագետն է նշանակումներ անում, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, պետք է շատ ջուր օգտագործել, հաճախ սնվել և օգտագործել բանջարեղեններով և սպիտակուցներով հարուստ սննդամթերք: Բացի ճիշտ սննդակարգից խորհուրդ կտամ նաև մարզասրահ հաճախել՝ ակտիվ ու ինտենսիվ մարզումներ կազմակերպելու նպատակով, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի քաշի արագ իջեցմանը:
- Այսպիսի ռեժիմով շարժվելու դեպքում քանի՞ օրվա ընթացքում է հնարավոր ավելորդ քաշից ազատվելը:
- Նիհարելու պրոցեսում արդյունքը պետք է տեսնել ամեն օր: Այսինքն, եթե ճիշտ մոտեցում կա, պետք է ամեն օր արդյունք տեսնել: Կախված օրգանիզմից՝ ամսվա մեջ հնարավոր է մինչև 12 կգ քաշի կորուստ:
- Իհարկե, չնայած նրան, որ մեծամասնության համար կարևոր հոգսը մարմնի ավելորդ զանգվածից ազատվելն է, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց համար գոյություն ունի հակառակ խնդիրը` գիրանալ: Այս դեպքում ի՞նչ խորհուրդ կտայիք:
- Այս դեպքում նույնպես գործընթացը կախված է օրգանիզմից: Կան օրգանիզմներ, որոնցում մետաբոլիզմը շատ արագ է տեղի ունենում, այդ իսկ պատճառով բավականաչափ քաշ հավաքելը հնարավոր չի լինում: Խորհուրդ կտամ ուղղակի սննդակարգը կարգավորել, սնվել ճիշտ, այսինքն՝ օգտագործել ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ սննդամթերք և միաժամանակ մարզվել, որպեսզի մկանային մասսա հավաքվի, այլ ոչ թե յուղային շերտ: Այսինքն՝ պետք է գիրանալ մկաններով, ոչ թե յուղային շերտ կուտակելով: Խորհուրդ կտայի նաև անվճար սեմինարների հաճախել ՝ և՛ մարզումների և՛ սննդակարգի մասին անվճար տեղեկություն ստանալու համար:
- Իսկ օրվա մեջ քանի՞ անգամ է պետք սնվել:
- Օրվա մեջ կարելի է սնվել 4-6 անգամ: Սակայն սնունդ ասելով հասկանում ենք քիչ քանակությամբ սննդամթերք օրգանիզմ ներմուծելը: Այսինքն 1 խնձոր օգտագործելը կարող է համարվել սննդամթերքի մի մաս: Պետք է հաճախ ուտել, որ նյութափոխանակությունն արագանա, եթե նյութափոխանակությունն արագ ընթացավ, քաշ գցելու և քաշ հավաքելու գործընթացն արագ կընթանա: Պետք է հաճախ սնվել, բայց քիչ քանակությամբ, որպեսզի ստամոքսը փոքրանա: Այսինքն՝ նիհարելու դեպքում սնվում ենք այնպես, որ չկշտանանք, այլ ուղղակի օրգանիզմն անհրաժեշտ սննդամթերքով ապահովենք: