Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կողմ է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը հետ բերելուն, բայց կարծում է, որ սա պետք է արվի պետական մակարդակով, այսինքն՝ հրամանը վերևից ստացվի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արկադի Տեր-Թադևոսյանն ու ավելացրեց, որ եթե կամավորականները դիմեն Գերագույն գլխավոր հրամանատարին, ինքն էլ կդիմի:
«Պետությունը պետք է որոշի, հրամանը պետք է վերևից ստացվի: Ես կողմ եմ, որ դա անեն կամավորականները, ոչ թե ջահել էրեխեքը»,- հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը։
Հարցին՝ իսկ եթե երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեմ լինի այս փուլում նման գործողություններին, ինչի մասին բանակի ԶՈՒ ԳՇ մի շարք պաշտոնատար անձինք արդեն իսկ արտահայտվել են, ապա ի՞նչ: Ի պատասխան` Կոմանդոսն ասաց. «Պետք է հասկանալ, որ սա 92-93 թվերը չեն, որ ֆիդայինները դուրս գան, գնան գործողություններ անեն, հիմա մենք բանակ ունենք, Պաշտպանության նախարարություն, դրա համար մենք պետք է այդ գործողությունն իրար հետ անենք»:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր , որ «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը և Կոմանդոսը հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկվել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր, ինչպես գրել էր «Հրապարակը»՝ «կորսված տարածքները հետ վերցնելու ծրագիր են մտմտացել»: