ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին և Բարաք Օբամայի վարչակազմին կրկնապատկել ջանքերը Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ

15:05     28 մայիսի, 2016

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին Բարաք Օբամայի վարչակազմի հետ միասին կրկնապատկել ջանքերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց գործընկերների ներկայացրած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանն ուղղված առաջարկներն իրագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կայքէջից:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ հանդիպման ընթացքում ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը քննարկել է ապրիլի սկզբին ալիևյան ռեժիմի հարձակումն Արցախի վրա և դրան հաջորդած ռազմական հանցագործությունները, ներառյալ` դաժան սպանությունները, տարեց զույգի սպանությունն ու խոշտանգումը, հայ երեք զինվորների գլխատումը։

Համբարյանն ընդգծել է կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` հրադադարի ռեժիմի պահպանման համար՝ նշելով, որ վերջերս ադրբեջանական կողմի կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, Վահե Արգամի Եղոյանը:

«Ամերիկահայերը գնահատում են Ռոյսի և էնգելի առաջարկները, որոնց ընդհանուր գաղափարն է ապահովել Կովկասում խաղաղությունը: Բանալին, իհարկե, դրանց իրագործումն է, և որքան շուտ, այնքան լավ, եթե մենք ցանկանում ենք խուսափել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կրկնությունից»,- նշել է նա:

 Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են`

1. շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,

2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,

3. շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

 

 

 

 


© armedia.am