Փախստականների շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված գործարքը չունի ամուր հիմք: Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ գործարքը չունի ամուր հիմք, որ երկարաժամկետ հեռանկարում այն բարդ կլինի իրագործել նման գործընկերոջ հետ, ինչպիսին որ Թուրքիան է: Իմ կարծիքով՝ Եվրոպան չպետք է կուրորեն վստահի Էրդողանին, պետք է գտնի սեփական լուծումներ, այդ թվում նաև փախստականների խնդիրների մասով»,- ասել է նա:
Խոսելով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչող բանաձևը հունիսի 2-ին Բունդեսթագում պլանավորված քննարկելու մասին՝ Հայաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ փախստականների շուրջ համաձայնագրի իրագործման հնարավոր ձախողումը որևէ կերպ կապված չէ տվյալ փաստաթուղթն ընդունելու պլանների հետ:
«Կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար ընդհանուր արժեքներն ավելի կարևոր են, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Գերմանական արխիվներում գտնվում են բազում փաստաթղթեր, որոնք հաստատում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության եղելությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին գերմանական խորհրդարանը կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վերաբերյալ: