Գերմանիայի խորհրդարանը՝ Բուդեսթագն, այսօր ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով:
Հաշվի առնելով Եվրոպայում Գերմանիայի կշիռն ու Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների սերտությունը՝ այս բանաձևի ընդունումը չի կարող անհետևանք մնալ քաղաքական ընդհանուր կոնյուկտուրայում:
Եթե խնդիրը դիտակենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում, ապա կարելի է ակնկալել, որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է խթանել ճանաչման գործընթացը նաև մյուս եվրոպական երկրներում:
Մյուս կողմից սա կարող է անուղղակի ճնշում դիտարկվել Թուրքիայի վրա, որը, փաստորեն, աստիճանաբար զրկվում է պատմական մութ էջերի քողարկման փորձերում եվրոպական աջակցությունից և ստիպված է հաշտվել Ցեղասպանության ճանաչման հետ կապված միջազգային աճող ճնշման հետ:
Ավելի լայն համատեքստում, սա նշանակում է, որ Եվրոպան այլևս մտադիր չէ ոչ համաչափ զիջումների գնալ Թուրքիային՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների դիմաց: Այս կերպ Գերմանիան քայլ ձեռնարկեց սանձելու Էրդողանի հռետորաբանությունն ու ցույց տալու, որ համբերության բաժակը լցվել է: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան զրկվում է «ամենաթողության» զգացումից և ստիպված կլինի իրեն ավելի զուսպ դրսևորել թե´ իր ներքին քաղաքականության, թե´ արտաքին քաղաքականության շրջանակներում:
Ուստի, Թուրքիայի և Էրդողանի «հաղթական» ժամանակները կարծես թե մոտենում են ավարտին՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:
Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ այս բանաձևի ընդունումը կարող է նաև որոշակի մարտահրավերներ պարունակել: Մասնավորապես, չի բացառվում, որ Թուրքիայի հրահրմամբ կամ սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանի փորձի նոր սրացում առաջացնել ԼՂՀ-Ադրբեջան, ՀՀ-Ադրբեջան սահմանին: Բացի այդ, չեն բացառվում լարվածության դեպքեր նաև Սփյուռքում հայ և թուրք համայնքների միջև, առաջին հերթին՝ Գերմանիայում:
Ամեն դեպքում, այս բանաձևի ընդունումը բավական կարևոր քայլեր էր թե´ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թե´ Թուրքիայի աստիճանաբար էլ ավելի ագրեսիվ քաղաքականության զսպման տեսանկյունից: Զերծ մնալով առավելապաշտական ակնկալիքներից կամ մեծ փոփոխությունների սպասումից՝ այնուամենայնիվ կարելի է նշել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղապանության ճանաչումը նոր քաղաքական գործընթացի սկիզբ կարող է դառնալ: