ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված հետընդունման մասին համաձայնագիրն «անօրինական և անխիղճ է», և դրա իրագործումը պետք է անհապաղ դադարեցվի: Այս մասին նշել են Amnesty International ոչ կառավարական կազմակերպության փորձագետները ուրբաթ օրն իրենց տարածած հետազոտության մեջ: Կազմակերպության փորձագետները նշում են 3 ոլորտ, որոնցում Թուրքիան չի համապատասխանում փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին, ինչի պատճառով հետընդունման մասին ԵՄ-ի հետ համաձայնագիրը անօրինական է:
Նախ Amnesty International-ն ընդգծում է, որ Անկարան հնարավորություն չունի օպերատիվ կերպով մշակելու ապաստան խնդրողների հարյուր հազարավոր դիմումները, ինչի հետևանքով մարդիկ մի քանի տարով հայտնվում են իրավական վակուումում:
Որպես երկրորդ խնդիր իրավապաշտպան կազմակերպությունն առանձնացնում է Թուրքիա ժամանածների համար երկարաժամկետ որոշումների բացակայությունը: Զեկույցում նշվում է, որ Անկարան չի տրամադրում փախստականի լիիրավ կարգավիճակ, ինչը մի կողմից՝ մարդկանց թույլ չի տալիս նոր կյանք սկսել երկրում, մյուս կողմից՝ քիչ հույս է թողնում, որ նրանք կլինեն տեղափոխման ծրագրում և կհայտնվեն այլ երկրներում:
Amnesty International-ն ուշադրություն է հարվիրում նաև այն հանգամանքի վրա, որ թեև Թուրքիան ժամանակակից հակամարտություններից հետո ամենաշատ փախստականների է ընդունել աշխարհում, սակայն երկիր ժամանած սիրիացիների ճնշող մեծամասնությունը չեն ստանում կառավարության աջակցությունը: