ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ներառել է երկրների ու խմբավորումների «սև ցուցակում», որոնք խախտում են երեխաների իրավունքները։ Ցուցակում արաբական կոալիցիայի ներառումը կապված է Եմենում մարտական գործողությունների ընթացքում անչափահասների սպանությունների հետ, հայտնում է Reuters-ը։
«Եմենում խախտումների շատ մեծ թվի պատճառով, որոնք իրականացվում են երկու կողմերից էլ, հութիները («Անսար Ալլա») և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սպանությունների և վնասի պատճառման, ինչպես նաև դպրոցների ու հիվանդանոցների վրա կատարվող հարձակումների համար գտնվում են ցուցակում», - հայտարարել է Պան Գի Մունը։
ՄԱԿ-ի գնահատականով՝ կոալիցիան պատասխանատու է 510 երեխայի մահվան համար, ինչը կազմում է հակամարտության ընթացքում զոհված երեխաների ընդհանուր թվի 60 տոկոսը։ Կոալիցիայի գործողություններից տուժել է ևս 667 մարդ։