Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն անվանել է ազգային անվտանգության գործոն, որը, նրա խոսքով, արդեն ազատել է հրեական պետությանն անհարկի առճակատումներից հյուսիսային սահմաններին։
«Ռուսաստանը համաշխարհային տերություն է, և մեր հարաբերությունները գնալով ավելի են սերտանում։ Ես աշխատել եմ մերձեցման ուղղութամբ, և այսօր այն ծառայում է մեզ, մեր ազգային անվտանգությանը՝ կանխելով անհարկի և վտանգավոր բախումները մեր հյուսիսային սահմանին», - Նեթանյահուի խոսքերն է մեջբերում նրա մամլո ծառայությունը։
Այսօր Նեթանյահուն ուղևորվում է Մոսկվա: Սա անցած տարվա աշնանից նրա արդեն երրորդ այցն է Ռուսաստան։ Առաջիկա բանակցությունների թեմաների թվում հայտարարված է սիրիական հիմնախնդիրը, որտեղ երկու երկրները դեռ սեպտեմբերից սահմանել են «դեկոնֆլիկտիզացիայի մեխանիզմ»՝ ուղղված սիրիական երկնքում գործողությունների ժամանակ ռուս և իսրայելցի զինվորականների միջև պատահական բախումների կանխմանը։