Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ կապված քննադատական հայտարարություններին: Մերկելի մամուլի խոսնակ Շթեֆան Սեյբերթը հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը սահմանադրական կարգով ընտրված, անկախ մարմնի որոշում է:
«Բունդեսթագն անկախ որոշում է կատարել և այն պետք է հարգել», - ասել է նա, հավելելով, որ նույն միտքը Մերկելը փոխանցել է Թուրքիայի նախագահին:
Էրդողանի հայտարարությունը քննադատել է նաև Գերմանիայում թուրքական համայնքի ղեկավարը, որը նույնպես դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ «Մենք կարծում ենք, որ մահվան սպառնալիքները և արյան թեսթի պահանջները նողկալի են։ Կարծում եմ, որ այն դարաշրջանը, երբ մարդիկ որոշվում էին արյան թեսթով, ավարտվել է 1945 թվականին»,- DPA գործակալությանն ասել է թուրքական համայնքի ղեկավար Գոքայ Սոֆուօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը, քննադատելով նախորդ շաբաթ ընդունված բանաձևը, թուրքական արմատներով գերմանացի 11 պատգամավորներին մեղադրել էր Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ և պահանջել արյան թեսթ հանձնել՝ պարզելու, թե ինչ տեսակի թուրքեր են նրանք։