Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդն Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ

15:34     7 հունիսի, 2016

Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքիեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հայտնում է «Ակոսը», Աթեշյանը հայտարարել է, թե որոշումը հայ ազգը «խորը ափսոսանքով» է դիմավորել:

«Որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ», - ասվում է նամակում:

Աթեշյանը հայտարարել է, թե պատրիարքարանը կատարում է պարտավորությունները թուրքական պետության առջև ու երկրի քաղաքացիների կարծիքն է արտահայտում:

Նա նաև նշել է, թե իրադարձությունների ժամանակ Գերմանիայի դերին ընդամենը «մի քանի նախադասությամբ» անդրադառնալն ու Օսմանյան Թուրքիան որպես կատարվածի միակ մեղավորը ներկայացնելը «վիճելի հարց է՝ էթիկայի տեսակետից»: Աթեշյանի կարծիքով, պարզ չէ, որքանով է Բունդեսթագի որոշումն արտահայտում Գերմանիայի ժողովրդի կարծիքը:


© armedia.am