Թուրքիան մտադիր է ճանաչել Գերմանիայի կողմից իրականացված նամիբիացիների ցեղասպանությունը

21:16     7 հունիսի, 2016

1900-ականների սկզբին Նամիբիայում Գերմանիայի կողմից իրականացված ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար օրենսդրական առաջարկ է ներկայացվել Թուրքիայի ազգային ժողով:

Օրենսդրական առաջարկի հեղինակը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մեթին Քյուլյունքն է: Առաջարկի ընդունման դեպքում Թուրքիան 1900-ականների սկզբին Նամիբիայում գերմանացիների իրականացրած կոտորածը կճանաչի որպես ցեղասպանություն, Habergazetesi-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հարկ է նշել, որ Գերմանիան 2004-ին՝ Նամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Գերմանիան բանաձևով ընդունել է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:


© armedia.am