Եվրոպայի Խորհուրդը կոչ է արել Ադրբեջանին վերջ դնել ատելության խոսքի մշտական կիրառմանը

22:45     7 հունիսի, 2016

ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ECRI) հունիսի 7-ին հրապարակել է նոր զեկույց Ադրբեջանի վերաբերյալ:

Զեկույցը հորդորում է իշխանություններին վերջ դնել ատելության խոսքի մշտական կիրառմանը և փոխարենն առաջ տանել փոխադարձ հասկացողությունն ու վստահությունը: Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ թեպետ Ադրբեջանում էթնիկ հողի վրա ատելության հետևանքով իրականացված բռնության հանցագործություններ տեղի չեն ունեցել, այդուհանդերձ վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվականները շարունակում են ատելության խոսք քարոզել: «Հայ սպային Բուդապեշտում սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին 2012 թվականին ներում շնորհելը, ազատելն ու պարգևատրելը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում ռասիստական հանցագործություններ նախապատրաստողի համար: Զեկույցը հորդորում է իշխանություններին վերջ դնել ատելության խոսքի մշտական կիրառմանը և փոխարենն առաջ տանել փոխադարձ հասկացողությունն ու վստահությունը»,- նշվում է զեկույցում, հաղորդում է «Արցախպրեսս»-ը:

 Անդրադառնալով անկախ քաղաքացիական հասարակության և մեդիայի անկմանը` զեկույցում նշվում է. «Որպես դրա հետևանք` խոցելի խմբերն այսուհետ չեն կարող ռասիզմի, ատելություն պարունակող խոսքի կամ խտրականության պարագայում դիմել հասարակական կազմակերպություններին աջակցության համար»: 

 Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը հորդորել է Ադրբեջանին պայմաններ ստեղծել բազմազան և անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար և կատարել այն խոստումները, որը երկիրը տվել է Եվրոպայի խորհրդին` կապված զինվորական ծառայության այլընտրանքների օրենսդրական մշակման հետ:


© armedia.am