Էրդողանը տանուլ է տալիս իր կողմից սկսած քրդական պատերազմը

20:32     8 հունիսի, 2016

Տարիներ ի վեր շարունակվող թուրք-քրդական ռազմական հակամարտությունը կարելի է ասել նոր երանգավորում է ստանում: Եթե նախկինում պայքարը կրում էր միայն  պարտիզանական բնույթ, ապա այժմ այն աստիճանաբար վերածվում է լայնամասշտաբ պատերազմի: Վերջին շրջանում իրականացվող գործողությունները քրդերի դեմ (ավիահարվածներ, զրահատեխնիկայի կիրառում, պարեկային ժամեր), այնպիսի խտրականություն է ստեղծել քրդերի և թուրքերի միջև, որ կարելի է ասել քրդերն այլևս ոչ մի անելիք չունեն թուրքական պետության ինչպես ներսում, այնպես էլ  նրան հարակից շրջաններում:

Հարկ է նշել, որ Թուրքիայի կառավարական ուժերի և քուրդ ապստամբների միջև ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր՝ 2015-ի հուլիսից պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 5000 քուրդ զինյալ: Սակայն, քրդերի հայտնած տվյալների համաձայն՝ թուրքական ուժերի գործողություների հետևանքով զոհվել են նաև հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Կարելի է ասել, թուրքական իշխանությունները քրդերի դեմ գործում են նույն այն մտածողությամբ, որով Օսմանյան կայսրությունում գործում էին հայերի դեմ: Սակայն, ի տարբերություն հայերի, քրդերը զինված են և ավելի կազմակերպված:

Հատկանշականն այն է, որ քրդերն աստիճանաբար փոխում են իրենց մարտավարությունը՝ փորձելով վերահսկողության տակ վերցնել ռազմական կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ՝ միևնույն ժամանակ մարդկային և նյութական մեծ կորուստներ պատճառելով թուրքական ռազմական ուժերին: Բացի այդ, PKK-ի կողմից շարունակ հիմնվող ռազմական ճամբարները, որոնք ղեկավարվում են Քանդիլիի լեռներից՝ իրական սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:

Ի  լրումն այս ամենի՝ առկա է նաև Սիրիայի քրդերի  առաջախաղացումն ու վերջիններիս ուժերի միավորման հեռանկարը Թուրքիայի քրդական ուժերի հետ: Հարկ է նշել, որ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) (Սիրիայի դեմոկրատական ուժերի շարժիչ ուժն է համարվում) ԱՄՆ գլխավորած դաշինքի աջակցությամբ, հատելով Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը», անցել է Եփրատ գետի արևմտյան ափն ու շարժվում է Իսլամական պետության  վերահսկողության տակ գտնվող Մենբիջ քաղաքի ուղղությամբ։ Իսկ Մենբիջի գրավումը Իսլամական պետությանը Թուրքիայի սահմանից կտրելուն միտված գործողության մասն է կազմում, որտեղից էլ զինյալները պարբերաբար զենք ու սննդամթերք են ստանում։ Ի լրումն դրան՝ Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում  PYD-ի վերահսկողության տարածումը Եփրատից արևմուտք, քանի որ Եփրատից արևելք՝ Սիրիայի հյուսիսն ամբողջովին քրդերի վերահսկողության տակ է։ Իսկ PYD-ի վերահսկողության հնարավոր ընդլայնումը դեպի արևմուտք կհանգեցնի Թուրքիայի՝ Սիրիայի արաբաբնակ հատվածների հետ ցամաքային կապը կորցնելուն:

Չի բացառվում նաև Սիրիայի քրդական ուժերի ներթափանցման տեսլականը Թուրքիա, որի  բնակչության 20 տոկոսից ավելին  կազմող քրդերը ևս կփորձեն ստեղծել ինքնավարություն։


© armedia.am