Մոնրեալում կազմակերպված թուրքական ֆիլմերի փառատոնում լավագույնն է ճանաչվել համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, մրցանակ ստացած համշենահայ Օզջան Ալպերը, ելույթ ունենալով փառատոնի ժամանակ, մասնավորապես նշել է. «Եթե այս աշխարհում, երբ գրեթե բոլորն անտուն և անտեր են մնացել, աքսորյալ ու գաղթական դարձել, հանդիսատեսը դեռ կարողանում է «Քամու հիշողությունների» հերոսներից Արամի հետ միասին անցյալին նայել, թերևս ամեն բան կորած չէ:
Քանզի թե´ Թուրքիայի տարածքներում, թե´ Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկն էլ այն է, որ բավարար չափով չենք կարողացել առերեսվել անցյալ դարերում կատարված դեպքերի հետ և, որպես մարդկություն, բավականաչափ չենք խրատվել դրանցից: Մաղթում եմ, որ այլևս ոչ թե աքսորների, ցեղասպանությունների, այլ մարդկության ապրած գեղեցիկ օրերի մասին ֆիլմեր ստեղծենք: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ներդրում են ունեցել այս ֆիլմի ստեղծման գործում, ինչպես նաև` այս մրցանակն ինձ արժանացրած Ընտրող հանձնաժողովին»: