Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Հայաստանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն, իրականում, հենց Թուրքիան և Ադրբեջանն են փորձում կրոնական քողի ներքո ներկայացնել հակամարտությունը՝ այն անգամ քննարկման առարկա դարձնելով Իսլամական համագործակցության կազմակերպությունում:
«Հայաստանի ղեկավարությունը եվրոպական երկրներին աղավաղված տեղեկություն է տրամադրում հակամարտության վերաբերյալ: Բացի այդ, հակամարտությանը ցանկանում են հաղորդել կրոնական երանգներ: Նրանք պնդում են, թե պաշտպանում են քրիստոնեական արժեքները՝ շրջապատված լինելով երեք մահմեդական երկրներով»,- հայտարարել է Ալիևը՝ երկրում հավատարմագրված մուսուլմանական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանում մզկիթների կողքին գործում են նաև եկեղեցիներ և սինագոգներ, իսկ Բաքվի հայկական եկեղեցու վերանորոգման համար անգամ միջոցներ են հատկացվել:
Բաքվի իշխանությունների նման «հուզական» պնդումներից հետո թերևս մնում է միայն բացականչել. «Կեցցե՛ ամենահանդուրժող և բարի Ալիևն աշխարհում»: Սակայն, իրականում նման պոռթկումների որևէ հիմք չկա, քանզի ադրբեջանական իշխանությունները հետողականորեն Ադրբեջանի ողջ տարածքում իրականացնում են հայկական ցանկացած հետքի վերացման հստակ քաղաքականություն: Ասվածի վկայությունն են ոչնչացված հազարավոր եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները Բաքվից մինչև Ջուղա...