Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակնհայտ է, որ չէր կարող մնալ անարձագանք Թուրքիայի կողմից: Այդ արձագանքը դրսևորվեց թուրքական կողմից տարբեր մակարդակներով հնչող թե՛ հայտարարությունների, թե՛ սպառնալիքների տեսքով: Սակայն, մինչ օրս, փաստացի, Գերմանիայի դեմ արված միակ քայլը ունի ֆորմալ դիվանագիտական բնույթ, այն է՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին խորհրդակցությունների նպատակով Անկարա կանչելը: Հարկ է նշել, որ անգամ այս դիվանագիտական քայլը շատերը մեղմ են գնահատում, քանզի, օրինակ, Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի ընդունումից հետո Անկարան մեկ աստիճանով (ժամանակավոր հավատարմատարների մակարդակ) իջեցրեց դիվանագիտական հարաբերությունները: Այս առումով, կարծես, իրականություն են դառնում այն կանխատեսումները, թե Անկարան, ելնելով իր պրագմատիկ հաշվարկներից, թուրք-գերմանական հարաբերություններում չի ստեղծի ճգնաժամային իրավիճակ և իր հակաքայլերի համար կփորձի գտնել այլ գործիքներ:
Եթե Գերմանիայի հետ հարաբերություններում առկա տնտեսական և այլ շահերն Էրդողանի համար զսպող գործոն են հանդիսանում, ապա խնդրի հետ կապված սեփական երկրում հասանելի հնարավոր «գործիքներից» օգտվելու հարցում որևէ սահմանափակում նրա համար չկա: Այս առումով կարելի է առանձնացնել երկու հիմնական գործոն՝ Թուրքիայի հայկական համայնքն՝ իր ավանդական կառույցներով, և Թուրքիայում անօրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիները: Այսպես, Էրդողանն արդեն հասցրել է հերթական անգամ բոլորին հիշեցնել Թուրքիայում բնակվող հայերի գործոնը՝ սպառնալով նրանց արտաքսել: Անօրինական հայ ներգաղթյալների առկայության փաստը, դարձել է Էրդողանի կարևոր գործիքներից մեկը, որին նա պարբերաբար դիմում է՝ անգամ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ ամեն անգամ հայ ներգաղթյալների տարբեր թվեր է ներկայացնում:
Մյուս գործոնը Թուրքիայի հայկական համայնքն է՝ իր կառույցներով, որոնք գտնվում են իշխանությունների մշտական ճնշման տակ: Այս ճնշման դրսևորման թերևս ամենավառ օրինակը դարձավ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը՝ ուղղված Էրդողանին, որում հեղինակը, խոսելով համայնքի անունից, ափսոսանք է հայտնում Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ կապված: Որևէ մեկի համար թերևս գաղտնիք չէ, որ այդ նամակը պատրաստվել է իշխանությունների պատվերով և խնդիր ունի ներկայացնել, թե, իբր, հայության շրջանում Բունդեսթագի որոշումը միասնական արձագանք չի գտել: Իրականում, այդ նամակը Թուրքիայի հայկական համայնքի (ինչպես նաև մյուս ազգային և մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունների) բավական բարդ վիճակի դրսևորումն է և ոչ այլ ինչ, քան համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլ: Ցեղասպանության արհավիրքներից փրկված Թուրքիայի հայության ժառանգների մի մասն արդեն շուրջ հարյուր տարի ապրում է խտրականության, ճնշումների պայմաններում, վախի մթնոլորտում (որոշ չափով բացառություն է Ստամբուլը, որը համեմատաբար եվրոպականացված է): Անգամ այսօր՝ 21-րդ դարում, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայը չի կարող համարձակ խոսել իր ազգության մասին:
Այսպիսիով, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված թուրքական իշխանությունները իրենց հիմնական պատասխան քայլերը կազմակերպելիս գերադասեցին ոչ թե ուղղակի հարված հասցնել թուրք-գերմանական հարաբերություններին, այլ կիրառել ավելի «անվնաս» գործիք՝ Թուրքիայի հայկական գործոնը: