Վարշավան Թբիլիսիից պաշտոնական բացատրություններ է ակնկալում ՆԱՏՕ-ի Anakonda-16 զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է լեհական PAP տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պետր Վալատեկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացի զինվորականները չեն մեկնել զորավարժություններին ջրծաղիկի պատճառով: Մեկնումից կարճ ժամանակ առաջ վրացական ստորաբաժանման ներսում ջրծաղիկի երկու դեպք է հայտնաբերվել (զինվորականները վարակվել են իրենց երեխաներից):
Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները սկսվել են հունիսի 6-ին: Դրանց մասնակցում է ավելի քան 30 հազար զինվոր ՆԱՏՕ-ի 18 երկրներից և 5 գործընկեր պետություններից: Զորավարժություններին ներգրավված է 3.000 տրանսպորտային միջոց, 105 ինքնաթիռ և ուղղաթիռ ու 12 մարտական նավ: