Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» բալետային բեմականացումն արժանացել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 45-րդ մրցանակաբաշխության շրջանակում: Մրցանակը շնորհվել է բալետային տեսաբեմականացման գործադիր պրոդյուսերներ Դիանա և Չարլզ Պասկերյաններին, հայտնում է Asbarez-ը:
Սան Ֆրանցիսկոյի բալետի մենակատար Դավիթ Կարապետյանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված բալետ բեմադրելու գաղափարն առաջացավ, երբ նա առաջին անգամ տեսավ Ցեղասպանության զոհերին նվիրված խաչի տեսքով հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում: Սկզբնական փուլում նախատեսվում էր բեմադրությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սկսվեց աշխատանքը: Սակայն մեկ տարուց ավելի պահանջվեց բեմականացումն ավարտելու համար:
Բեմականացմանը Դավիթ Կարապետյանը մասնակցել է որպես մենակատար և խորեոգրաֆ: Մասնակցել են նաև մենակատար Վանեսսա Զաորյանը և բալետի ևս 14 պարող Սան Ֆրանցիսկոյից, ինչպես նաև 23 անձից բաղկացած թիմը: Պրոդյուսերներն են Դիանա և Չարլզ Պասկերյանները: