Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Cumhuriyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ այցելել է բժշկի՝ արյան հետազոտություն անցնելու, հաղորդում է ermenihaber-ը:
«Պարզվեց աշխարհի քաղաքացի եմ»,-ասել է Օզդեմիրը՝ նշելով, որ իր մոտ գերմանական տարրը գերակշռող է, սակայն պակաս չեն նաև չերքեզական, քրդական, հունական և հատկապես հայկական տարրերը: Ըստ նրա՝ ամենացավալին այն է, որ դեռ 21-րդ դարում մի երկրի նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.), ունենալով քաղաքականապես ամեն տեսակ քննադատության իրավունք, նման լուրջ հարցն իջեցրել է արյան տեստի մակարդակի:
«Ես, որպես ստամբուլցի մոր և կովկասցի գաղթական չերքեզ հոր զավակ, կիսում եմ Անատոլիայում դարերով կողք-կողքի ապրած բոլոր հին ազգերի, հատկապես հայերի կոտորածների և աքսորի ցավն ու իմ սրտի խորքում զգում տեղի ունեցած ողբերգությունը: Դրա համար մարդ լինելը բավարար է: Այդպես չէ՞», - ասել է Օզդեմիրը: