Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը հերթական անգամ հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում: Հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկվածների թվում է նաև Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Վալենտին Խրիստովը, ում հետ Ադրբեջանը Ռիոում մեդալ նվաճելու մեծ հույսեր էր կապում: Հաշվի առնելով ծանրամարտի ազգային հավաքականի 6 անդաﬓերի խայտառակ որակազրկումը, Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, որին մասնակցելու 4 արտոնագիր էր նվաճել Ադրբեջանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ ադրբեջանցի ծանրամարտիկներն արդեն առաջին անգամը չէ, որ ենթարկվում զանգվածային որակազրկման: Այսպես, 2014 թվականին ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան որակազրկեց Ադրբեջանի հավաքականի միանգամից 18 մարզիկի՝ այդ թվում նաև Լոնդոնի օլիմպիադայի երկու մրցանակակիրների՝ Վալենտին Խրիստովին և Քրիստինա Յովուին: Դրա հետ մեկտեղ 2014 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ ադրբեջանցի 9 ծանրամարտիկների կողմից խթանիչներ օգտագործելու պատճառով Բաքուն ստիպված էր կես միլիոն դոլար տուգանք վճարել: Սակայն սա ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի ամենազանգվածային որակազրկումը չէ. դրական են եղել նաև 2011 թվականին Եվրոպայի առաջնությանը մասնակցող 44 ադրբեջանցի ծանրամարտիկների դոպինգ թեստերի արդյունքները:
Կարծես թե անարդար ճանապարհով հաղթանակն Ադրբեջանի ծանր ատլետիկայի ֆեդերացիայի սպորտային քաղաքականության գլխավոր գիծն է, որից երբևէ չեն պատրաստվում հրաժարվել: Ադբեջանի համար, որը բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով միջազգային մրցաշարերին ներկայանում է արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկների թիմով, դոպինգ-մեդալները ևս պակաս հպարտության առիթ չեն: