Գերմանիայի «Կանաչների» կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը Cumhuriyet թերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո բազում սպառնալիքներ է ստացել և Գերմանիայի ոստիկանությունը հատուկ պաշտպանության տակ է առել իրեն: «Այս տարիներին միայն երկու անգամ է ոստիկանությունը հատուկ պաշտպանություն իրականացրել իմ նկատմամբ, երկու անգամն էլ՝ թուրքերի պատճառով: Առաջին անգամը 1994թ-ից հետո էր, երբ ընտրվեցի Բունդեսթագի պատգամավոր: Այժմ էլ ինձ պաշտպանում են Էրդողանի սկսած հետապնդումներից: Ինչ եք կարծում՝ տարօրինակ չէ՞ Թուրքիայից դուրս քաղաքականությամբ զբաղվող գերմանական գործչի համար»,- նշել է Օզդեմիրը:
Անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին՝ Օզդեմիրը նշել է, որ նման քաղաքականության պարագայում Էրդողանի նախագահության օրոք Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ: