Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի անցկացման շեմին հանդես է եկել հայտարարությամբ:
Կազմակերպության փոխնախագահ Դանիել Քալինգաերտը հայտարարել է. «Քաղաքացիների հիմնարար ազատություններն ու ցանկացած այլակարծություն ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին է «Ֆորմուլա 1»-ը, որպեսզի իրենց ցուցադրեն որպես ժամանակակից ու բարեգութ իշխանություն»:
Նա միջազգային հյուրերին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին. «Մենք Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում մրցաշարի փայլից դուրս ուշադրություն հատկացնել նաև իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականությանը, անհիմն կալանավորված ավելի քան 80 քաղաքական ակտիվիստներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին»:
Ադրբեջանի մայրաքաղաքում «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացվելու է հունիսի 17-19-ը: