ԱՄՆ-ը պետք է ավելի լավ ապահովի իր ազգային անվտանգությունը՝ չհրեշացնելով իսլամն ու չհայտարարելով պատերազմ ողջ կրոնի դեմ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը։
«Չի կարելի հրեշացնել ողջ կրոնը, պատերազմ հայտարարել դրան և զբաղվել դեմագոգիայով»,- ասել է նա MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «ԱՄՆ մուսուլմանական հասարակության անդամներին մեր դեմ տրամադրելը ոչ միայն սխալ է, այլև անարդյունավետ և վտանգավոր»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դրանից միայն ԴԱԻՇ-ը կշահի։
Նա քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ բոլոր մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կոչերի համար։ Քլինթոնը նշել է, որ գոյություն ունեն ազգային անվտանգության պաշտպանության այլ՝ ավելի խելամիտ միջոցներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ում հրազենի շրջանառության խստացումը։