Բելառուսի և Ադրբեջանի նախագահները միջնորդի դեր կստանձնեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը հարթելու գործընթացում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ընդդիմադիր Bir Gün թերթի կայքին:
«Արդարություն և զարգացում կուսակցության կազմած իշխանությունն իր ձախողված արտաքին քաղաքականության պատճառով հետզհետե ավելի է մեկուսանում միջազգային ասպարեզում: Դրա համար Եգիպտոսից և Իսրայելից հետո պատրաստվում է կտրուկ շրջադարձ կատարել նաև Մոսկվայի հետ հարաբերություններում:
Խոսակցություններ են պտտվում, որ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ով չկարողացավ ԱՄՆ-ի հետ ցանկալի մերձեցման հասնել, իսկ Եվրամիության հետ հարաբերություններում այրել է կամուրջները, հատուկ խնդրանքով դիմել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ վերջիններս նպաստեն ռուս-թուրքական կարգավորման գործընթացին», - գրում է թերթը:
Իրականում Բելառուսն ու Ադրբեջանը ռուս-թուրքական ճգնաժամի արդյունքում հայտնվել են բավական դժվար իրավիճակում: Երկուսն էլ փորձում են խուսափել հնարավոր խնդիրներից՝ հավասարակշռություն պահպանելով Թուրքիայի և Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններում:
Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում Բելառուսի և Ադրբեջանի կողմից հնարավոր միջնորդական առաքելության մասին խոսակցությունները ակտիվացան հատկապես 2015 թվականի նոյեմբերին, երբ Ադրբեջանի նախագահը չնախատեսված այցով ժամանեց Մինսկ: Ենթադրվում էր, որ նրանց բանակցությունների առանցքային թեմաներից մեկը հենց ռուս-թուրքական ճգնաժամն է եղել, և այդ ճգնաժամում իրենց դերակատարման խնդիրը:
Այնուամենայնիվ, տեղեկությունն այն մասին, որ Էրդողանը դիմել է Ալիևին և Լուկաշենկոյին՝ խնդրելով նրանց միջնորդությունը, ինքնին բավական վիճահարույց է թվում:
Ակնհայտ է, որ Ալիևն ու Լուկաշենկոն ամենևին էլ դեմ չէին լինի, եթե նրանց միջնորդություն իրականացնելու հնարավորություն ընձեռնվեր:
Բայց որքանո՞վ է այդ միջնորդությունն անհրաժեշտ Ռուսաստանին և Թուրքիային: Ռուս-թուրքական ճգնաժամի կարգավորման համար թերևս ամենակարևորը քաղաքական կամքի առկայությունն է, այլ ոչ թե Ադրբեջանի կամ Բելառուսի նման երկրների միջնորդությունը: