Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարց դրված չէ: Այս մասին հայտնել էՄայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատավական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
Անդրադառնալով արքեպիսկոպոսի անձի վերաբերյալ քննադատություններին ու նրան կարգալույծ անելու կոչերին, Մելիքյանը բացատրել է, որ կարգալուծությունը ենթադրում է որոշակի գործընթաց որոշակի պայմանների առակայության դեպքում:
«Այս պահին մենք նման նախադրյալներ չենք տեսնում նման գործընթաց սկսելու համար: Այս հարցերի համար կա կարգապահակական հանձնախումբ: Եթե այն նման խնդրի քննարկման անհրաժեշտություն տեսնում է, քննարկում է, եթե չէ, ապա այդ առնչությամբ որևէ բան չի կատարվում: Այս պարագայում նման հարց դրված չէ»,-ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:
«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է: Եվ նման հարցերը՝ թե արդյոք նա կարո՞ղ է մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, թե՞ ոչ, վճռվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն խորհուրդի կողմից, որի անդամ է հանդիսանում նաև Աթեշյանը»,- հավելել է տեղեկատվական համակարգի ղեկավարը:
Տեղեկատվական համարգի ղեկավարը նշել է նաև, որ Մայր Աթոռի տարբեր ներկայացուցիչներ արտահայտվել են այս կապակցությամբ՝ հստակ ներկայացնելով, թե որն է խնդիրն ու ինչ կացության մեջ է գտնվում Հայոց Պատրիարքարանը Թուրքիայում:
«Մնացյալ անհատական ելույթները, դիտարկումները, նամակները չեմ կարծում, որ նպաստում են Պատրիարքարանի վիճակի բերալավմանը և հայ համայնքի ընդհանուր կյանքին»,- ասել է Մելիքյանը: