ՄԱԿ. Եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» գործողությունները ցեղասպանություն են

18:28     16 հունիսի, 2016

Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ ՄԱԿ-ի Սիրիայի վերաբերյալ հետաքննության անկախ հանձնաժողովի հրապարակած զեկույցում:

«ԻՊ-ը ցեղասպանության հանցագործություն է կատարել, ինչպես նաև մարդկության դեմ  և ռազմական հանցագործություններ եզդիների դեմ, որոնցից հազարավորները Սիրիայում գերի են ընկած և աներևակայելի սարսափների են ենթարկվում», - ասված է փաստաթղթում:

 Զեկույցում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունների տակ նկատի են առնվում եզդիների զանգվածային կոտորածները, սեռական և սովորական ստրկությունը, կտտանքները, երեխաների հարկադիր զինվորագրումը, բռնի կրոնափոխությունը և այլ հանցագործություններ:

Ըստ զեկույցի՝ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը, նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը:

ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալներով, ներկայումս «Իսլամական պետության» կողմից շարունակում է գերեվարված մնալ 3200 եզդի կին և երեխա: Կանայք սեռական ստրկության մեջ են, իսկ երեխաներին օգտագործում են ռազմական գործողություններում: Միաժամանակ հազարավոր եզդի տղամարդիկ և տղաներ անհետ կորել են: 


© armedia.am