ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի ինտենսիվ են զարգանում, քան առաջ: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ողջունելով Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում ծրագրված են Պուտինի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որոնց պետք է հաջորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող եռակողմ հանդիպում:
«Ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր հարաբերություններն ավելի ինտենսիվ են զարգանում, քան առաջ, ինչն ուրախացնում է: Հնարավորություն և անհրաժեշտություն կա քննարկել, թե ինչպես ենք գործելու հետագայում: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և աշնանը պետք է կայանա բարձր մակարդակի հանդիպումը»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը: Նրա խոսքերով, հատկապես լավ տվյալներ են արձանագրվում գյուղատնտեսության ոլորտում: