Ամերիկացի հաջողված կին-գործարարների վարկանիշային այս տարվա աղյուսակում, որը ներկայացվել է Forbes ամսագրի կողմից, հայտնվել է նաև ազգությամբ հայ Քերոլին Ռաֆայելյանը: Նա իր 700 մլն դոլար գնահատվող կարողությամբ հայտնվել է 26-րդ հորիզոնականում:
49-ամյա Քերոլինը տնօրինում է «Alex and Ani» ոսկերչական ընկերությունը:
Այդ ընկերությունը հիմնադրվել է 2004 թ.-ին՝ Քերոլին Ռաֆայելյանի երկու դուստրերի անուններով: Ռաֆայելյանն ի սկզբանե հայտարարել է, որ իրենք ցանկանում են արտադրել «ապարանջաններ, վզնոցներ և ականջօղեր, որոնք կզարդարեն մարմինը, կլուսավորեն միտքը և կոգևշնչեն կնոջը»:
Ընկերությունն առաջին անգամ արտադրել է իր զարդերն այն գործարանում, որը հիմնադրվել էր Ռաֆայելյան հոր կողմից 1966 թ.-ին: Առաջին «Ալեքս և Անի» խանութը բացվել է Նյու Փորթում 2009 թ.-ին, իսկ այժմ արդեն նրանք 65 խանութ ունեն ողջ ԱՄՆ-ում:
Ընկերությունն առաջին անգամ ամերիկացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2004 թվականին, երբ նրանք վզնոց արտադրեցին հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նորածին դստեր պատվին՝ հանգեցնելով հետագայում մի շարք նմանատիպ պատվերների: Ընկերությունը նկարագրել է իր արտադրանքը որպես «էկոլոգիապես մաքուր», քանի որ հիմնականում օգտագործվում են վերամշակված նյութեր: