ԵՄ-ում կոչ են արել ստուգել թուրք սահմանապահների կողմից սիրիացի փախստականների վրա կրակելու մասին լուրերը

20:10     21 հունիսի, 2016

Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների հարցերով հանձնաժողովի պատգամավորները երեքշաբթի օրը կոչ են արել Եվրամիությանը ստուգել հաղորդագրություններն այն մասին, որ թուրք սահմանապահները կրակ են բացել սիրիացիների վրա, ովքեր փորձել են անցնել թուրք-սիրիական սահմանը, տեղեկացնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամներն ավելի վաղ իրենց կայքում հայտարարել էին, որ թուրք սահմանապահները սպանել են 11 սիրիացու, ովքեր փորձել են Իդլիբ շրջանում ընթացող ռազմական գործողություններից փախչել Թուրքիայի տարածք: Թուրք զինվորականներն այդ հաղորդագրությունները հերքել են:

Եվրապատգամավորների մեծ մասը խիստ մտահոգություն է հայտնել հաղորդագրությունների առնչությամբ: Եթե այդ հաղորդագրությունները հաստատվեն, ԵՄ-ի կողմից պետք է հետևեն որոշակի քայլեր:

Եվրապատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին գնահատել, թե արդյոք կարելի է նման հանգամանքներում իրագործել այս տարվա մարտին ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը:


© armedia.am