Երեկ, հունիսի 21-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը երկրորդ անգամ նշում էր Յոգայի միջազգային օրը: Ինչպես և անցած տարի, այս տարի ևս Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում էին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ գտնվող Թումանյանի այգում:
Դեռևս 2014 թվականի դեկտեմբերին Հնդկաստանի վարչապետն առաջարկել էր ՄԱԿ-ին հունիսի 21-ը հայտարարել որպես Յոգայի միջազգային օր, քանի որ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում են գտնվում աշխարհում առողջապահությանն առնչվող տարաբնույթ խնդիրները: Իսկ ինչպես գիտենք, յոգան մի շարք առողջապահական խնդիրների հաղթահարման համար դրական խթան է հանդիսանում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթի խոսքերով, ՄԱԿ-ի կողմից Յոգայի միջազգային օր սահմանելուն նպաստել է այն հանգամանքը, որ յոգան լայն տարածում է ստանում տարեց տարի, և բացի այդ շատ օգտակար է՝ ճիշտ զբաղվելու դեպքում: Յոգան օգնում է մարդուն հասնել ներդաշնակության, քանի որ այն և´ մշակույթ է, և´ֆիզիկական մարմնամարզության տեսակ:
Հայաստանում յոգայի զարգացման առանձնահատկությունների և հնարավորությունների մասին պատկերացում կազմելու նպատակով, «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցեցել է Հայաստանում ակրոբատիկայի բազմակի չեմպիոն, յոգայի լիցենզավորված մասնագետ, կինեզիթերապևտ՝ Նունե Արևշատյանի հետ:
- Յոգայի ո՞ր տարատեսակն է առավել շատ տարածված Հայաստանում և հոգեհարազատ յոգայի հայ սիրահարների համար:
- Տարեցտարի յոգան Հայաստանում առավել լայն տարածում է ստանում: Կարծում եմ, որ յոգայի բոլոր տարատեսակներից Հայաստանում մեծ տարածում է գտել Հաթհա յոգան: Վերջինս շատ հարմար է սկսնակների համար:
- Լիցենզավորվա՞ծ է արդյոք Հայասատնում յոգա դասավանդողների գործունեությունը, և եթե այո, ապա ինչպիսի՞ն է լիցենզավորման ընթացակարգը:
- Հայաստանում Յոգայի ֆեդերացիան կազմակերպում է յոգայի դասընթացներ և այնուհետև տրամադրում լիցենզիա: Ես ինքս իմ լիցենզիան ստացել եմ ՝ հաճախելով Յոգայի միջազգային ալյանսի կողմից կազմակերպված դասընթացներին: Դասընթացներն անցկացնում էր «Քաշմիր Սաիվիզմի» հնդկական դպրոցի ուսուցիչ Ամիթ Ռեյնանը, ով նաև յոգայի դասընթացներ է անցկացրել Հայաստանում անցյալ տարի: Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել իր հետ:
- Յոգայի մշակույթն այսօր աշխարում մեծ ճանաչում է ձեռք բերել: Ի՞նչն է ըստ Ձեզ, առավել հետաքրքիր հայ այցելուներին՝ ֆիզիկական մարմնամարզությունը, թե՞ յոգայի փիլիսոփայությունը:
- Ըստ իս՝ յոգայի հայ սիրահարներին առավել հեաքրքիր է ֆիզիկական մարմնամարզությունը: Նրանք շատ մեծ ուշադրություն չեն դարձնում յոգայի փիլիսոփայությանը, չնայած այն հանգամանքին, որ այն ներդաշնակությունը, որին կարելի է հասնել միայն համակարգված մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում, այս կամ այն կերպ խոսում է յոգայի փիլիսոփայության մասին: Յոգան մարմնավորում է միաժամանակ ֆիզիկական և մտավոր աշխատանքը:
- Ո՞ր գործոններն են, ըստ Ձեզ, այսօր խոչընդոտում Հայաստանում յոգայի մշակույթի ճիշտ զարգացմանը:
- Ներկայումս, յոգան Հայաստանում մեծ պահանջարկ է վայելում: Սակայն, միևնույն ժամանակ ի հայտ են գալիս յոգայի ուղղվածությամբ զբաղվող նոր սպորտային ակումբներ, որտեղ դասավանդողները չունեն բավարար փորձ և հմտություններ: Կարծում, որ դա ժամանակային խնդիր է: Շատ շուտով մասնագետների ընտրությունը կանցկացվի պրոֆեսիոնալ ընթացակարգերի համաձայն, ինչի արդյունքում մենք կունենանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Չնայած այն հանգամանքին, որ յոգան շատ օգտակար է առողջության համար, միևնույն ժամանակ այն կարող է բավարար չափով վնաս հասցնել առողջությանը ոչ ճիշտ դասավանդման դեպքում: