Երեքշաբթի երեկոյան Լոնդոնում, «Ուեմբլի արենա» համերգասրահում կայացան BBC հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Մեծ դեբատներ»՝ նվիրված Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ կայանալիք ռեֆերենդումին, հաղորդում է BBC:
Ռեֆերենդումի շուրջ եզրափակիչ դեբատները դիտելու համար հազարից ավել մարդ էր եկել: Քննարկումները տևեցին գրեթե երկու ժամ և հիմնականում նվիրված էին տնտեսության, ինքնիշխանության ու միգրացիայի խնդիրներին:
Դեբատների ընթացքում բարձրացվեցին մի քանի հիմնահարցեր, որոնցից են ճիշտ որոշման կայացման կարևորությունը, քանի որ «հետդարձի ճամփա չկա», հարկերի և տուրքերի դրույքաչափերը, ինչպես նաև հարցը՝ կլինի՞ արդյոք Թուրքիան ԵՄ անդամ, թե՞ ոչ:
Վերջինիս հետ կապված, հարց բարձրացվեց, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուն կողմ քարոզողների համար հիմնական քննարկման առարկա է դարձել Թուրքիայի հավանական անդամակցությունը ԵՄ-ին, ինչը պիտի նպաստի ԵՄ-ից դուրս գալուն կողմ ձայների շատացմանը:
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, մեղադրելով իր ընդդիմախոսներին այդ հարցը շահարկելու համար, հավաստիացրեց, որ մոտ ժամանակներս Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցը կորոշվի հունիսի 23-ին նախատեսված ռեֆերենդումով: