Հռոմի պապի Հայաստան այցն ընդգծում է նրա ցանկությունը՝ ցույց տալ իր մտերմությունը հայ ժողովրդին, որն այդքան շատ է տառապել իր պատմության ընթացքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսելով Հայաստան Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի մասին, հայտնում է Radio Vatican-ը:
Հայաստան այցի ընթացքում Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: «Այցի շրջանակներում Հռոմի Պապը կհանդիպի կոտորածների ընթացքում սպանվածների ժառանգների հետ՝ Ծիծեռնակաբերդ կատարելիք այցի ժամանակ: Հուշահամալիրը ոգեկոչում է այն 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության ուժերի կողմից»,- նշել է նա:
Հայր Լոմբարդին հայտնել է նաև, որ իր այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կայցելի Գյումրի, որտեղ բացօթյա պատարագ կմատուցի, այնուհետև կվերադառնա Երևան։ Այցի վերջին օրը Պապը կայցելի Խոր Վիրապ, որտեղ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ: