Սր Աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է լրագրողներին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան եռօրյա այցի մասին, հայտնում է Վատիկանի ռադիոկայանը:
Ըստ Սբ Աթոռի մամուլի քարտուղարի՝ Պապի այցը խաղաղության ուղերձ է և հայ ժողովրդին, որն այդքան տառապանք է տեսել իր պատմության ընթացքում, աջակից լինելու ցանկություն:
Հայաստան Հռոմի պապի այցի առանցքային ուղղությունը Լոմբարդին համարել է էկումենիզմը, ինչպես 2015-ի ապրիլին, երբ Վատիկան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Սբ Պետրոսի տաճարում մատուցվեց պատարգ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ: