Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքներից մեկը կարելի է համարել բանակցային գործընթացի հետագա զարգացման համար ձևաչափի ամրագրումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության նախնական պայմանավորվածությամբ կամ լուռ համաձայնությամբ հաստատվեց, որ այս փուլում բանակցություններն ընթանալու են երեք նախագահների պարբերական հանդիպումների ձևաչափով:
Անկախ նրանից, այս ձևաչափը կողմերի համար ինչ հնարավորություններ և մարտահրավերներ է պարունակում՝ ինքնին ձևաչափի ամրագրումը և դրա ներքո բանակցությունների վերսկսումը կարելի է ողջունելի և կարևոր համարել: Սա, թեկուզ և թույլ, բայց երաշխիքներ է ապահովում, որ կողմերը կներգրավվեն կարգավորման գործընթացին և Ադրբեջանը զերծ կմնա նոր պատերազմի սանձազերծման փորձերից: Եթե Պուտինի կողմից ներդրվող ջանքերը տան արդյունքներ, և կողմերն իրենց ստորագրությունը դնեն կարգավորման փոխադարձ ընդունելի սկզբունքներ պարունակող փաստաթղթի տակ՝ հնարավոր կլինի այդ ձևաչափն արդարացված համարել:
Միաժամանակ, ակնհայտ է, որ նման ձևաչափով բանակցությունների պարագայում պետք է ակնկալել բավական դինամիկ գործընթաց՝ արագ արդյունքներով և կողմերից յուրաքանչյուրի համար հնարավոր սպառնալիքներով և հնարավորություններով: Դժվար թե հնարավոր լինի տարիներ շարունակ վարել բանակցություններ բանակցությունների համար, ինչպես դա արվում էր մինչ այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և ժամանակ առ ժամանակ անցկացվող հանդիպումներով: Եվ Ադրբեջանին դժվար թե հնարավորություն տրվի 2010թ.-ի պես վերջին պահին տապալել գործընթացը:
Դրա հետ մեկտեղ, այս ձևաչափն ունի լուրջ թերացումներ, որոնցից ամենակարևորը ԼՂՀ բացակայությունն է: Առանց ԼՂՀ անմիջական մասնակցության՝ որևէ իրական առաջընթաց կարգավորման գործընթացում հնարավոր չէ ակնկալել, և պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտապես այցելություններ են կատարում ԼՂՀ և հանդիպում իշխանությունների հետ՝ լսելու նրանց մոտեցումները: Եվ այժմ էլ տրամաբանական կլինի, որ նոր ամրագրված ձևաչափում ապահովվի ԼՂՀ մասնակցությունն, այդ թվում՝ հաջորդ հանդիպումն անցկացվի արդեն չորս նախագահների մասնակցությամբ (նաև Բակո Սահակյանի): Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ձևաչափի իրական արդյունավետության մասին: Գուցե հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում Սանկտ Պետերբուրգից հետո Սերժ Սարգայանի այցն Արցախ:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք կարծես հնարավորություն են տվել Ռուսաստանին ստանձնել բանակցությունների «լոկոմոտիվի» դերը այս փուլում և փորձել իր ուժերը՝ գործընթացը տեղից շարժելու համար: Միաժամանակ, թե´ Հայաստանում, թե´ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանների հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նրանք ևս գիտակցում են բանակցային գործընթացի՝ միջնորդներից մեկի կողմից մոնոպոլիզացման վտանգը և ձգտում են նման զարգացում թույլ չտալ: Մասնավորապես, այդ մասին է վկայում համանախագահների մասնակցությունը Սանկտ Պետերբուգր հանդիպման եզրափակիչ մասին, ինչպես նաև հայտարարությունն առ այն, որ Ֆրանսիան ևս պատրաստակամ է կազմակերպել նախագահների հանդիպում: