Չավուշօղլու. «Գազայի հատվածի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը կախված է Իսրայելից»

22:20     22 հունիսի, 2016

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով իշխանամետ Sabah թերթին:

Չավուշօղլուն ընդգծել է, որ պետք է վերացվի Գազայի հատվածի շուրջ էմբարգոն:

«Այնտեղ մեր պաղեստինցի եղբայրները  ծայրաստիճան վատ պայմաններում են ապրում: Անհրաժեշտ է մարդասիրական օգնությունը, և զարգացմանն ուղղված օգնություններն առանց խոչընդոտների հասցնել Գազայի հատված  և Պաղեստին: Այս ամենը մանրամասն քննարկում ենք: Առաջիկա հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք կբերվի, թե ոչ, կախված է Իսրայելի քայլերից»,-հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն նաև ավելացրել է, որ Թուրքիան շարունակելու է շփումները Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման հետ: Ըստ նրա՝ այդ հարցը հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմանների շարքում չէ և չի էլ կարող լինել: 

 


© armedia.am