Եվրամիությունից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները մեծ արձագանք են առաջացրել ողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Արևելքում:
Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա: Հանրաքվեի արդյունքներն արդեն իրենց բացասական ազդեցությունն են թողել շուկաների կայունության վրա, հայտարարել է ՉԺՀ վարչապետը Թյանցին քաղաքում կայացած ամենամյա «Նոր չեմպիոններ-2016» տնտեսական համաժողովի ժամանակ (որը հայտնի է նաև որպես «ամառային Դավոս»):
Չին իշխանությունները համարյա բացեիբաց ցույց տվեցին իրենց վերաբերմունքը հանրաքվեի արդյունքների նկատմամբ: Չինաստանը շահագրգռված է, որպեսզի լինի կայուն և միասնական Եվրամիություն, ինչպես նաև կայուն ու բարգավաճող Անգլիա, ասել է Լի Կեցյանը և ավելացրել, որ բոլոր երկրների ընդհանուր և համակարգված աշխատանքը թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել համաշխարհային տնտեսության աճի վրա ընդհանրապես, և առանձին երկրների տնտեսության վրա մասնավորապես:
Նրա խոսքերով, աշխարհի երկրները պետք է աշխատեն առավել արդար և բաց գլոբալ տնտեսական համակարգի ստեղծման վրա: Չինացիներն ունեն բոլոր հանարավորությունները՝ իրենց առջև այս տարի դրված զարգացման սոցիալ-տնտեսական նպատակներին հասնելու համար:
«Չինաստանը կշարունակի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ որպես կարևոր գործընկերների հետ հարաբերությունները», - եզրափակել է ՉԺՀ վարչապետը:
Brexit-ը շոկ էր գլոբալ շուկաների համար: Հանրաքվեի արդյունքների պատճառով համաշխարհային շուկաներում աճել է արտարժույթի անկայունությունը, ինչը կստիպի Չինաստանին չափավորել սեփական դրամավարկային քաղաքականությունը և բոլոր միջոցները կիրառել՝ երկրի ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Օրինակ, ՉԺՀ Կենտրոնական բանկն արժեզրկել է յուանը 1%-ով:
Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները ցնցում են առաջացրել նաև Տոկիոյի բորսայում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շտապ խորհրդակցություն է հրավիրել և համապատասխան ցուցումներ տվել՝ աշխատանք տանել G7-ի մյուս անդամների հետ հետագա տնտեսական քայլերի մասին: Վարչապետ Աբեն նաև խնդրել է Ճապոնիայի բանկին՝ ֆինանասական միջոցներ հատկացնել Մեծ Բրիտանիայում գործող ճապոնական ընկերություններին: Վարչապետի կարծիքով, հատուկ կարևորություն ունի մանր և միջին բիզնեսին պաշտպանություն ցուցաբերելը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Տոկիոյի ֆոնդային բորսայում Նիկկեյի ինդեքսն ընկել էր համարյա 8%-ով, վերջին 16 տարում առաջին անգամ:
Ճապոնական կառավարությունը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի հետ գործընկերային հարաբերությունները պահպանելու օգտին:
Իսկ Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, աշխարհի ամենափակ երկրում, հանդես են եկել բրիտանական հանրաքվեն չեղյալ համարելու կողմ: Հյուսիսային Կորեայի ավելի քան 24 հազար քաղաքացիներ հանրաքվեի արդյունքները վերանայելու մասին խնդրագիր են ստորագրել: Ի դեպ, նման պահանջով են հանդես եկել նաև Չինաստանի, Հոնկոնգի, ճապոնիայի և Վենեսուելայի քաղաքացիները, նույնիսկ Վատիկանի 39 հազար բնակիչ:
Հունիսի 24-ին անկումով են բացվել նաև Բոմբեյի և Հնդկաստանի ազգային ֆոնդային բորսաները: Երկրի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը հաշվարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր հավանական հետևանքները և որ իրենք բավարար արժութային պաշարներ ունեն:
Մասնագետների կարծիքով, ԵՄ-ից դուրս գալուց հետո, բրիտանական բիզնեսը, արտադրողները ստիպված կլինեն աշխատել ավելի քիչ նպաստավոր առևտրային միջավայրում: Բացի այդ, երկիրը ստիպված կլինի աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ վերակնքել առևտրային պայմանագրերը, քանի որ դրանք ստորագրվել էին ԵՄ շրջանակներում: Իսկ նման անորոշությունը լրջորեն կանդրադառնա բրիտանական տնտեսության վրա: