ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դարձավ առաջին օտարերկյա պաշտոնյան, ով հունիսի 23-ին կայացած Brexit-ի հանրաքվեից հետո այցեց Մեծ Բրիտանիա: Արևմտյան մեդիան Քերիի այցը Մեծ Բրիտանիա բնութագրեց՝ որպես ԱՄՆ փորձ՝ «ամրապնդելու երկու երկրների առանձնահատուկ հարաբերություննեը», - փաստում է Guardian-ը: Նույն օրը Քերին նաև այցելեց Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Անդրադառնալով Քերիի՝ Լոնդոն և Բրյուսել կատարած այցերին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը դրանք բնորոշեց՝ որպես ԱՄՆ պատրաստակամություն՝ ընգծելու այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ԱՄՆ ունի Մեծ Բրիտանիայի հետ և այն անփոխարինելի գործընկերությունը, որ ԱՄՆ-ն ունի Եվրամիության հետ:
Փաստը, որ ԱՄՆ-ը անհանգստացած է Brexit-ով և դրա արդյունքներով, առավել քան բնական է: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան ավանդաբար ԱՄՆ-ԵՄ համագործակցության համար կամուրջ է հանդիսացել: Այժմ, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է լքել ԵՄ-ն, ԱՄՆ-ը կորցնելու է այդ միությունում իր «դեսպանին», ինչը կարող է թուլացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մինչ օրս ձեռք բերած կապերը: ԱՄՆ նման մտահոգությունները հիմնազուրկ չեն, ինչ մասին է խոսում նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի վերջին հայտարարությունը, որում նա, մասնավորապես, նկատեց. «Որևէ առևտրային համաձայնագիր (պաշտոնյան նկատի ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Տրանսատլանտյան գոտու առևտրային և ներդրումային համագործակցության (TTIP) ստեղծման շրջանակներում բանակցվող պայմանագիրը) չի կարող կնքվել, եթե այն հաշվի չի առնում ԵՄ հետաքրքրությունները: ԵՄ-ն պետք է հաստատակամ լինի այս հարցում»:
Այսպիսով, որո՞նք կարող են լինել այս հարցում ԱՄՆ հաջորդ քայլերը: Դատելով ԱՄՆ կողմից արված պաշտոնական հայտարարություններից՝ Վաշինգտոնը փորձելու է շարունակել զարգացնել երկկողմ կապերը Մեծ Բրիտանիայի հետ: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսել այցի ընթացքում պատրաստակամություն հայտնեց շարունակելու պահպանել Մեծ Բրիտանիայի հետ ունեցած ամուր կապերը, չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև «Բրեքսիթ»-ը հայտարարել էր, որ «Մեծ Բրիտանիան հետագա բորոր առևտրային բանակցություններում կհայտնվի հերթի վերջին շարքերում, եթե նրանք որոշեն դուրս գալ ԵՄ-ից», հայտնում է the Guardian-ը:
Երկրորդ ԱՄՆ կփորձի համոզել իր ԵՄ գործընկերներին հետ չկանգնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից: Թերևս սրանով է բացատրվում այն, որ բրյուսելյան այցի ընթացքում Քերին շեշտեց ԵՄ-ի հետ ԱՄՆ «անփոխարինելի գործընկերության» մասին, մինչդեռ ԱՄՆ տնտեսական ներկայացուցիչ Մայքլ Ֆրոման նկատեց. «Մեր նպատակը շարունակում է մնալ այս տարի ԵՄ-ի հետ հավակնոտ, համապարփակ և բարձր չափանիշներ ունեցող պայմանագրի եզրափակումը», -հայտնում է Yahoo News-ը:
Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ կարճաժամկետ կտրվածքում ԱՄՆ կանի ամեն-ինչ չկորցնելու ԵՄ-ի հետ առևտրային ազատ պայմանագիր ունենալու հնարավորությունը: Ինչ վերաբերում է երկարաժամկետ կտրվածքին, ապա այդ դեպքում ԱՄՆ կփորձի ԵՄ-ում ձեռք բերել նոր «վստահելի» գործընկեր, որը կփոխարինի Մեծ Բրիտանիային: Այս տեսակետից բացառված չէ, որ ԱՄՆ-ը սկսի ակտիվ աջակցել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, ինչը չի կարող նոր տարաձայնությունների պատճառ չդառնալ միության ներսում: