ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը՝ դեմ:
Հատկանշական է, որ համաձայնագիրը դարձել էր բավական ակտիվ քննարկումների թեմա: Որոշ ընդդիմադիր ուժեր այն համարում են սպառնալիք և ուղղակի հարված ՀՀ ինքնիշխանությանը: Համաձայնագրի կողմնակիցները, սակայն, նշում էին, որ ոչ մի զիջում չի կատարվում, ավելին՝ պայմանագիրը հանդիսանում է 1995թ ստորագրված ԱՊՀ ՀՕՊ պայմանագրի շարունակություն:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնագրի հետ կապված հայտարարել է, որ Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձեւավորումը թույլ է տալիս, որ հատկապես Հարավային Կովկասի` Հայաստանի Հանրապետության տարածքում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի, 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան նաեւ հետախուզական լուրջ տվյալներ ունենալ, որոնք էլ կկանխարգելեն մեր հակառակորդների խախտումները: