Հայաստանն ու Եթովպիան կարևորում են միջազգային կառույցներում փոխգործակցությունը

21:21     11 հուլիսի, 2016

Հուլիսի 11-ին ՀՀ-ում Եթովպիայի նորանշանակ դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը` ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմական, կրոնական և մշակութային կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԱԳ նախարարի տեղակալը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության առավել խորացման և ամրապնդման գործում:

 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Երկուստեք ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության կարևորությունը:


© armedia.am