Վատիկանը հրապարակել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Վրաստան և Ադրբեջան կատարելիք այցի ծրագիրը։
Թբիլիսի կատարելիք երկօրյա այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի պատրիարք Իլիա II-ի, տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ:
Հոկտեմբերի 1-ին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ կմատուցի Միխեիլ Մեսխիի անվան մայրաքաղաքային մարզադաշտում, իսկ ավելի ուշ կայցելի Վրաստանի գլխավոր հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթի Սվետիցխովելի տաճարը:
Կիրակի առավոտյան՝ հոկտեմբերի 2-ին, Ֆրանցիսկոս պապը կայցելի Բաքու: Պաշտոնական ընդունելությունից հետո մայրաքաղաքի տաճարում Հռոմի պապը կմատուցի պատարագ: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարության, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ օրը երեկոյան Ֆրանցիսկոս պապը կվերադառնա Վատիկան: