«Ռազմական հեղաշրջման մասին լուրերից հետո ողջ գիշեր մզկիթների բարձրախոսներից հնչում էին աղոթքներ և կոչեր՝ ուղղված մարդկանց՝ դուրս գալ փողոցներ «հանուն հայրենիքի և կրոնի»: Մարդիկ անմիջապես դուրս եկան հանրային վայրեր՝ ներառյալ Բոսֆորի կամուրջը, որը զինվորականները, բղավելով «Allahu Akbar» («Ալլահն ամենազոր է»), գրավել էին: Սա մի արտահայտություն է, որն օգտագործվում է այդ թվում նաև ԻՊ-ի զինյալների կողմից մարդկանց գլուխները կտրելիս կամ ինչ-որ վայրեր պայթեցնելիս: Ի վերջո զինվորները տեղի տվեցին և նրանցից մեկի կոկորդը կտրվեց, իսկ մի քանիսն էլ այլ վայրերում սպանվեցին», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի Խտրականության և ռասիզմի դեմ հանձնաժողովի անդամ Այշե Գյունայսուն՝ խոսելով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Նա նաև ավելացրեց, որ հաջորդ օրն էլ մարդիկ իրենց հեռախոսներին «Թուրքիայի Հանրապետության» անունից հաղորդագրություններ ստացան, որով կոչ էր արվում դուրս գալ փողոցներ և պաշտպանել «ժողովրդավարությունը»:
Ըստ Գյունայսուի՝ հեղաշրջման այս փորձը որևէ կերպ նման չէր նախկիններին: «Ես անձամբ 7 տարեկանից ականատեսն եմ եղել Թուրքիայում ռազմական հեղաշրջումներին՝ 1960թ-ի հեղաշրջումը, 1963թ-ի հեղաշրջման անհաջող փորձը, երբ Անկարայի օդում ռազմական ինքնաթիռներ էին թռչում, 1971թ-ի ռազմական միջամտությունը, այնուհետև 1980թ-ի սարսափելի ռազմական հեղաշրջումը: Այս մեկը թվարկվածներից և ոչ մեկի նման չէր: Այն չսկսվեց վաղ առավոտյան, այլ այն ժամանակ, երբ բոլորն արթուն էին՝ մոտավորապես ժամը 22:15-ին», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
«Ժամանելով Ստամբուլի օդանավակայան՝ նախագահ Էրդողանը ձախողված հեղաշրջման փորձն անվանեց «ընծա Ալլահի կողմից», և նա տարօրինակ ձևով ինքնավստահ և հզոր էր թվում: Ակնհայտ է, որ Էրդողանն այս ամենից դուրս կգա ավելի հզոր և ավելի վճռական՝ լռեցնելու ցանկացած քննադատություն՝ ուղղված իրեն», - նշեց նա:
Գյունայսուի խոսքով մզկիթներից հնչող կոչերը հիշեցնում էին Հայոց ցեղասպանության ժամանակ մինարեթներից հնչող կոչերին՝ «անհավատների դեմ գնալ սրբազան պատերազմի»:
«Սարսափում ես, երբ պատկերացնում ես այդ ժամանակները և իսլամի դերը Ցեղասպանության գործում, չնայած գիտեմ, որ հնարավոր չէ պատկերացնել Ցեղասպանությունը, այն աննկարագրելի մի բան է եղել», - ասաց Գյունայսուն՝ հավելելով. «Այսպիսով մենք՝ Թուրքիայում ժողովրդավարության ուժերը, մեզ ավելի մեծ վտանգի մեջ ենք զգում այս աճող հրապարակային հնարավոր իսլամական բռնություններից»: