Երևանի Խորենացի փողոցում արդեն շուրջ 30 ժամ շարունակվում է լարված իրավիճակը, մի խումբ զինված անձինք դեռևս գտնվում են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում և պատանդ են պահում ոստիկանության աշխատակիցների։
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շրջափակել են տարածքը։ Ըստ նախնական տեղեկության՝ ոստիկաններին գրոհի հրաման չի տրվել և նրանք շարունակում են բանակցել՝ իրավիճակը խաղաղությամբ հանգուցալուծելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը և պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների:
Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են ևս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաև ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը։