Հանրահայտ ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին: «Իրավիճակն աշխարհում, կարծես, դուրս է գալիս հսկողությունից ողջ մոլորակով մեկ: Պատճառներն են այլատյացությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդ մտածելակերպն ու գործելաոճը»,- գրել է Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ Թանկյանի հենց այդ պատճառներն են հանգեցրել ԱՄՆ-ում սևամորթների սպանություններին, Թուրքիայում կատարվող իրադարձություններին, Հայաստանում ոստիկանությունների գործողություններին՝ ուղղված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ԴԱԻՇ-ի կողմից Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում խաղաղ բնակիչների սպանություններին:
«Մի բան պարզ է` քաղաքակրթությունն այն տեսքով, որ գոյություն ունի, սպառել է իրեն: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է ձերբազատվել միմյանց հանդեպ բռնությունից: Հայաստանում անհրաժեշտ է որոշել, թե ինչպես պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից, որը ղեկավարում և քանդում է երկիրը անկախացման օրվանից»,- ասել է երաժիշտը:
«Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցության, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական էգալիտարիզմի միջավայրում: Պատմության մեջ ևս մեկ սև օր կարելի է հաղթահարել ինտելեկտի, զսպվածության և արդարության շնորհիվ»,- գրել է Թանկյանը: