ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, հայտնում է PanArmenian-ը:
Այդ մասին ինքը` Փաշինյանը, հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, հստակեցնելով Էրեբունու ՊՊծ գնդին հարող տարածքում ծավալվող իրադարձություններում իր մասնակցության հարցը:
«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում հայտնվել էին մարդիկ, որոնք սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, գիշերը մեքենաների անհասկանալի շարժ էր, լոկալ լարումներ, և այդ ամենը ոստիկանների հետ բախման առիթ էր տալիս:
«Հիմա հարց է առաջանում՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դատապարտու՞մ են այդ ամենը, թե՝ ոչ», - ասաց նա:
Պատգամավորը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, թե չի շարունակելու գործունեությունը՝ զոհերից խուսափելու համար:
«Եթե այդ նպատակով պետք լինի լինել Խորենացիում՝ կլինենք Խորենացիում, եթե պետք լինի Ազատության հրապարակում՝ կլինենք այնտեղ, կամ այլ վայրում: Բայց եթե «Սասնա ծռերի» ներկայացուցիրչները պիտի ասեն՝ թող ինքը չգա, քավ լից, ինչի մասին է խոսքը», - նշեց նա: