Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվածների դատավարությունը հնարավոր չէ անցկացնել Անկարայի դատարանների սրահներում, քանի որ ձերբակալվածների և կալանավորվածների թիվը շատ մեծ է: Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CnnTürk լրատվականի թուրքական ծառայությանը:
Բոզդաղի խոսքով՝ նման դատավարությունների համար ընդարձակ տարածք է հարկավոր, որտեղ հնարավոր կլինի բնականոն կերպով կազմակերպել գործընթացը: «Մեզ ընդարձակ տարածք է հարկավոր: Նախարարությունը զբաղվում է դրանով: Դատավարությունները տեղի կունենան Սինջանում»:
Նախարարի տեղեկացմամբ՝ հատուկ դատարանի կարիք չկա, քանի որ հայտնի է, թե որ քրեական դատարանն է անցկացնելու հեղաշրջման փորձ կատարած անձանց դատավարությունը: Բոզդաղը նաև նշել է, որ դատավարության գործընթացը երկար է տևելու ինչի պատճառով հնարավոր է, որ գործը քննող դատարաններին այլ գործեր չտրվեն: