Ավելի շուտ Կուրը կթափվի Սև ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Այդ մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հանրապետության տարածքային ամբողջությունը և ուժի չկիրառումը: Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը: Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ի դեպ, այդ մասին նշում է ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրների ներկայացուցիչները»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովը ավելի վաղ հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: