Բրիտանական The Mail on Sunday թերթը հայտնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է Ռուսաստանի հավաքականին թույլ չտալ մասնակցել Բրազիլիայում օգոստոսի 5-ին մեկնարկող Օլիմպիադա 2016-ին:
Հուլիսի 24-ին շվեյցարական Լոզանում տեղի կունենա ՄՕԿ գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի:
Հետաքննության արդյունքում Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ՄՕԿ-ին խորհուրդ է տվել հեռացնել Ռուսաստանի թիմին օլիմպիական խաղերից: Հրատարակությունը, հղում կատարելով ՄՕԿ-ում իր աղբյուրին, գրել է, որ Ռուսաստանը ներկայացնող բոլոր 387 մարզիկներն էլ կհեռացվեն Խաղերից, որպեսզի Մոսկվան հասկանա, որ արգելված միջոցների օգտագործումը հարված է ողջ սպորտին:
«Սա, փաստորեն, նշանակում է վտարում Ռիոյից: Բայց Թոմաս Բախը (ՄՕԿ նախագահ) դեռ ցանկանում է, որ քննարկվի առանձին մարզիկների մասնակցության հարցը»,- մանրամասնել է պարբերականը:
Ըստ անանուն աղբյուրի` ՄՕԿ որոշ անդամներ ցանկանում են Ռուսաստանին զրկել նաև 2018 թ Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցությունից: